Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանն ու Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ողջունել է վարչապետի կողմից մասնագիտական նման հանձնաժողովի ստեղծումը: «Դուք՝ որպես հանձնաժողով, զբաղվելու եք մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկով՝ թիվ մեկ օրենքի բարեփոխմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը, նախագահական ինստիտուտն ամենայն լրջությամբ են մոտենալու և իրենց մասնակցությունը կբերեն այս գործընթացին:
Հանդիպման մասնակիցները մասնավորապես խոսել են հանձնաժողովի աշխատանքների, փաստաթղթի մշակման գործընթացի մասին, ներկայացրել իրենց դիտարկումները: