Հունիսի 14-ին Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով 38 արտակարգ դեպք է գրանցվել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Երևանում գրանցվել է 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք, հավելել է խոսնակը։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան, իսկ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում կարկուտի հետևանքով վնասվել է 4 տրանպորտային միջոց։
Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Արթիկի համայնքապետարանից տեղեկացրել են, որ հունիսի 14-ին համայնքում ուժեղ պտտահողմի հետևանքով 8 բնակավայր վնասներ է կրել, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։
Հունիսի 14-ին ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ։