«Հարավկովկասյան երկաթուղի»-ն մանրամասներ է հայտնել այսօր Երևան-Գյումրի երթուղու գնացքի տակ ընկած պատանու մահվան դեպքի մասին։
Ըստ երկաթուղու մամուլի ծառայության՝ պատահարը տեղի է ունեցել ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում։ «Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
ՀԿԵ-ից հավելել են, որ արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Ըստ ընկերության՝ վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։
Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 2009-ին ծնված Մ. Է.-ին։