ՆԳՆ ոստիկանությունը պարզել է ապրիլի 23-ին «Երևան ավտոբուս»-ի վարորդին դանակահարած անձի ինքնությունը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ:
Իրավապահները պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը:
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ապրիլի 23-ին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել էին, որ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Նույն օրը Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքի առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։