Երևանում ապրիլի 13-ին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքի մասին ՀՀ ՆԳՆ-ն տեղեկությունն ստացել է ժամը 17։50-ի սահմաններում, ըստ որի՝ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ավելի ուշ պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են ՏՏ տիպի ատրճանակ, պարկուճներ և, ըստ նախնական տեղեկությունների, նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։