Հայաստանում ամեն օր միջինում մեկ մարդ դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, ասել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճանապարհային անվտանգության հարցերով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նա այս վիճակագրությունը «մտահոգիչ» է անվանել հանրապետության համար։
«Տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ։ Չնայած ենթակառուցվածքների և երթուղիների կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն, և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասաց Քոչարյանը։
Ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող հիմնական գործոններից հանձնաժողովի նախագահը նշել է ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային խնդիրները, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճը, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելն ու երթևեկության կանոնների չպահպանելը, հանրակրթության ոլորտում առկա բացերը, անբավարար աշխատանք ճանապարհներից օգտվողների իրազեկվածության բարձրացման և քաղաքացիական պատասխանատվության զարգացման համար: