Մերձմոսկովյան մարզում՝ Նոգինսկ քաղաքի առևտրի կենտրոնի մոտ գտնվող ավտոկայանատեղիում, անհայտ անձինք կրակ են բացել Վլադիմիրի շրջանից 44-ամյա Կարեն Հայրիյանի վրա, հայտնում է НТВ հեռուստաալիքը։
Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոցում մահացել է։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մահվան օրը Կարենը պատրաստվում էր հանդիպել ընտանիքի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա հետ է եղել նաև քույրը։ Դեռևս հայտնի չէ, թե նա ինչ վիճակում է։
«Նա պատրաստվում էր գնալ ծնողների մոտ, զանգահարեց, շնորհավորեց մեզ։ Նա գնաց իր հոր մոտ, նրանք մայր չունեին: Մենք հենց նոր իմացանք, դա մեզ համար շոկ է»,- հեռուստաալիքը մեջբերում է մահացածի հարազատ Մարիանա Ավետիսյանի խոսքերը։
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի տվյալներով՝ Հայրիյանի վրա հարձակվողներից մի քանիսը ձերբակալվել են և այժմ հարցաքննվում են։ Ինչ վերաբերում է կրակողին, ապա նա հետախուզման մեջ է։