Չինաստանի Ցինհուանդաո քաղաքում Ավանդական չինական և արևմտյան բժշկության հոսպիտալին կից կլինիկա է բացվել նրանց համար, ովքեր անհանգստություն են զգում և կորցրել են աշխատանքի մոտիվացիան, գրում է South China Morning Post-ը։
«Աշխատանքի հանդեպ հակակրանքի կլինիկան» մեկ այլ նախաձեռնության շարունակությունն է՝ կլինիկա այն երեխաների համար, ովքեր չեն ցանկանում դպրոց գնալ: Ծնողները հաճախ հարցնում էին, թե արդյոք կա՞ նման հաստատություն մեծահասակների համար, և այժմ նման հնարավորություն կա։ Բուժառուներն են այն մարդիկ, ովքեր տառապում են հոգնածությունից, անտարբերությունից, տրամադրության փոփոխությունից և իրենց գործունեության անիմաստության զգացումից:
Կլինիկայի ղեկավար Յուե Լիմինը նշում է, որ այս ձևաչափն օգնում է քննարկել հոգեբանական վիճակը՝ առանց պիտակավորվելու վախի: Շատերը խուսափում են մասնագետներին դիմել հենց «դեպրեսիայի» կամ «անհանգստության» ախտորոշումների պատճառով, իսկ կլինիկայի չեզոք անվանումը նվազեցնում է այդ խոչընդոտը։
Նոր բժշկական կառույցի գաղափարն ակտիվ արձագանք է առաջացրել չինական սոցիալական ցանցերում։ Օգտատերերն այն «հանճարեղ» են անվանում, իսկ ոմանք կատակում են, որ բժիշկներն այնտեղ չեն գալիս, քանի որ նրանք նույնպես աշխատանքի գնալու ցանկություն չունեն։ Չնայած հետաքրքրությանը՝ առայժմ քիչ բուժառուներ կան։