ՀՀ կառավարությունը մայիսի 29-ի նիստում հավանություն է տվել Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոնն» ու ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» միավորելու նախագծին։
Տուբերկուլոզի ախտորոշման և բուժման ծառայություններ մատուցող «Թոքաբանության ազգային կենտրոնն» «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» միացնելու նախագծում նախարարությունը կարևորել է վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացումը, որը, ըստ ԱՆ-ի, կնպաստի բուժման արդյունավետություն բարձրացմանը:
«Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։ Ռեսուրսները կօգտագործվեն ավելի խելամիտ` խուսափելով կրկնակի ծախսերից։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կկրճատի գործառնական ծախսերը՝ համատեղելով վարչական գործառույթները, բժշկական սարքավորումների և մարդկային ռեսուրսների համատեղ օգտագործումը»,- ասված է նախագծում։
Նախարարության հիմնավորմամբ՝ միավորման արդյունքում կբարելավվի ախտորոշման, բուժման և վերահսկման գործընթացը։
«Լաբորատորիաների, հետազոտությունների և կլինիկական փորձառությունների միավորումը կարող է նպաստել վարակների վաղ հայտնաբերմանը և հետագա բուժման կազմակերպմանը: Բժշկական անձնակազմը կարող է անցնել վերապատրաստում և՛ տուբերկուլոզի, և՛ այլ վարակիչ հիվանդությունների գծով, ինչը կբարձրացնի անձնակազմի ճկունությունը տարբեր վարակներին և առողջապահական խնդիրներին արձագանքելու համար»,- հավելել են նախագծում։