Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված էին մինչև Նազինյանի հեռանալը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով նախարարության իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրանց միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների: Տարաձայնությունն սկսվել է, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի:
Լրատվականի տեղեկություններով՝ Ավանեսյանը ցանկացել է տնօրենին հեռացնել աշխատանքից՝ գինարբուքների հաճախ մասնակցելու համար։ Ավանեսյանը ԲԿ-ի տնօրենի թեկնածու դեռևս չի գտել, հավելել է թերթը։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն Armenia Today-ին հայտնեց, որ Նազինյանի պայմանագիրը լուծվում է մայիսի 4-ին։ Նա չմեկնաբանեց նախարարի ու ԲԿ տնօրենի միջև լարված հարաբերությունների մասին տեղեկությունը՝ շեշտելով, որ Նազինյանի ազատումը կապված է պայմանագրի ավարտի հետ։
Ավանեսյանը ապրիլի 3-ին հայտնել էր, որ առաջիկայում մի քանի բժշկական կենտրոններում սպասվում են տնօրենների փոփոխություններ։