Քննչական կոմիտեն Լոռու մարզում հայտնաբերված 2.5 տարեկան երեխայի դեպքի առնչութամբ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարի ժամկետով) քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Կա մեկ տուժող, կատարվում է նախաքննություն»,- հաստատել է խոսնակը։
Shamshyan.com-ը փետրվարի 27-ին ավելի վաղ գրել էր, որ փետրվարի 20-ին ՆԳՆ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչ 2․5-ամյա Վ․ Կ․-ի մասին, որին ծայրահեղ անխնամ վիճակում մանկաբույժի ուղեկցությամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Ըստ կայքի՝ երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»։ Կայքը հավելել էր, որ երեխային հայտնաբերել են Լոռու գյուղերից մեկում՝ առանց ջեռուցման և կոմունալ պայմանների բնակվող ընտանիքում։ Կայքի տեղեկություններով՝ մանկաբույժը երեխաների ծնողներին, Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանել։