Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Այո՛, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց թիրախային ու նպատակային չեն»,- հավելել է Ասրյանը:
ԳՇ պետը նշել է, որ կրակոցներն ադրբեջանական կողմից են, թեպետ նրանք հերքում են դա:
«Եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակվում, ապա դրանց նպատակը մեր զինվորականների, սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է։ Բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,- հավելել է Ասրյանը։
Նա պարզաբանել է, որ ուշադրություն չդարձնել ասվածը չի նշանակում, որ ՀՀ ԶՈւ-ն չի շարունակում կատարել իր առջև դրված խնդիրը։
«Շարունակում ենք հետախուզությունը բոլոր միջոցներով։ Սահմանային խորություններում հակառակորդի կողմից սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»,- ընդգծել է նա։
Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։ Մայիսի 29-ին և մայիսի 30-ին ադրբեջանական կողմը նորից կրակել էր Խոզնավարի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տներ, խոցելով մանր եղջերավոր կենդանու։