Հուլիսի 16-ին մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը տևեց գրեթե 4,5 ժամ։
Քննարկվեցին տարբեր հարցեր՝ արտաքին քաղաքականությունից մինչև ներքին խնդիրներ։
Վարչապետն ասուլիսում շեշտադրեց՝ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացմամբ՝ ներառյալ միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։
Փաշինյանն անդրադարձավ տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը, ՀԷՑ-ի առգրավմանը, հոգևորականներին, եկեղեցուն՝ կրկնելով նախկինում ասված թեզերը։
Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խուսափեց պատասխանել մի շարք հարցերի. մասնավորապես, թե ի՞նչ փաստեր կան, որոնք հաստատում են իր իսկ հայտարարությունները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից կառավարվող ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի միտումնավոր անջատումների մասին:
Նա ուղիղ չպատասխանեց նաև 2022 թվականի ապրիլին վարչապետի ավտոշարասյան վրաերթի հետևանքով հղի Սոնա Մնացականյանի մահվան մասին հարցին և այլն։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, հետևե՞լ են արդյոք վարչապետի մամուլի ասուլիսին և ինչպե՞ս են գնահատում նրա հայտարարությունները։
Հարցված քաղաքացիների մեծ մասն ասաց, որ չի հետևել Փաշինյանի մամուլի ասուլիսին, ոմանք ասացին, որ ժամանակ չեն ունեցել, որոշներն էլ նշեցին, որ վարչապետին առհասարակ չեն հետևում։
«Առհասարակ չեմ հետևում, դա իմ ցանկությունն է և իմ որոշումը, որովհետև ուրիշ նշանաբանով ինքը եկավ, լրիվ ուրիշ բան ստացվեց։ Դա նորմալ մարդու արած բան չէ։ Ինքն ադեկվատ մարդու տպավորություն չի թողնում։ Իր ժեստերին էլ պետք է մասնագետները հետևեն, դա իմ ասելիքը չէ»,- ասաց մի կին։
«Իմ ներվերը չի հերիքում իրեն հետևել։ Ուղղակի չենք ուզում իրեն ընդհանրապես տեսնել ու լսել, թող գնա»,- պատասխանեց հարցվածներից մեկը։
Երևանցիներից մեկն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ հետևել է Փաշինյանի ելույթին և շատ գոհ է․ «Շատ լավ, պետականամետ, հօգուտ Հայաստանի»։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ չի իմացել ասուլիսի մասին։ «Շատ հետաքրքրող հարցեր կային, որի պատասխանները կուզեի իմանալ, մանավանդ Ադրբեջանի չարահիշատակ նախագահի հետ կապված, ինչի մասին են խոսել։ Երևի կնայեմ՝ ինչ հարցեր են տրվել ու ինչ պատասխաններ է տվել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։