Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վերադարձը Հայաստան կեսգիշերին ուղեկցվեց «Զվարթնոց» օդանավակայանում նրա աջակիցների ծափահարություններով։ Վեհափառը, որը մի քանի օր բացակայում էր երկրից, վերադարձավ իշխանություն-եկեղեցի լարվածության նոր ալիքի ֆոնին։
Հայոց Հայրապետի վերադարձին ու նրա աջակիցների կողմից դիմավորմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է ստեղծել համակարգող խումբ՝ քննարկելու եկեղեցու առաջնորդի հրաժարականի պահանջները և նոր կաթողիկոսի ընտրության հարցը։ Ընդ որում, չնայած եկեղեցու հետ նման հարաբերություններին՝ վարչապետը պատրաստվում է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացածներից 10 հոգանոց խումբ ընտրել և նրանց օգնությամբ հասնել նոր վեհափառի ընտրությանը:
«Վարչապետի կողմից հնչեցրած արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի մոտ։ Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ խոհեմորեն պետք է կարողանանք հաղթահարել դժվարությունները»,- նշել է կաթողիկոսը։
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հայաստանի իշխանությունների և Առաքելական եկեղեցու հարաբերությունները սրվել են։ Լարվածության նոր ալիքն սկսվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը ոչ թե քննադատեց «Վիվառոյի» ղեկավարի ազգականի հարսանիքը մարզահամերգային համալիրում, այլ հորդորեց ուշադիր լինել եկեղեցիներին, ասելով, թե դրանք «չուլանացված են»։ Իշխանությունների և եկեղեցու միջև հարաբերությունները Փաշինյանի իշխանության գալու առաջին շրջանում բարեկամական էին, սակայն 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, եկեղեցին քննադատեց վարչապետին՝ հրաժարական տալու պահանջների ֆոնին։ Իսկ հետո էլ՝ 2024-ին, եկեղեցու ներկայացուցիչը գլխավորեց վարչապետի հրաժարականը պահանջող շարժումը։ Իշխանություններն ի նշան բողոքի արդեն մի քանի տարի գրեթե չեն մասնակցում պատարագներին այն եկեղեցիներում, որտեղ Վեհափառն է դրանք մատուցում:
Եկեղեցիների՝ «չուլանացված լինելու» մասին Փաշինյանի հայտարարությունն արժանացավ հոգևորականների քննադատությանը, ի պատասխան՝ նա հոգևարականներին առնչվող գրառումներ արեց։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր հերթին, առանց անուններ նշելու, հոգևորականներին մեղադրեց այլասերվածության մեջ։ Արդեն օրեր անց Փաշինյանը կոչ արեց հեռացնել Գարեգին Բ-ին։
Վարչապետը պնդում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նաև շեշտում՝ պետությունը պետք է մասնակից լինի Վեհափառ հայրապետի ընտրություններին։ Հոգևորականները Փաշինյանի գրառումները որակեցին որպես զառանցանք, ինչպես նաև հերթական հարձակում՝ եկեղեցու վրա։
Մայր Աթոռը նախորդ շաբաթ, ի վերջո, խախտեց օրերի լռությունը և դատապարտեց հակաեկեղեցական արշավը՝ կոչ անելով կասեցնել Փաշինյանի «անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։
Քաղաքական ու հասարակական ուժերը եկեղեցու դեմ արշավը պայմանավորեցին կաթողիկոսի առաջարկով և նրա մասնակցությամբ Շվեյցարիայում
Արցախի հայկական ժառանգությանը նվիրված միջազգային համաժողովին, որտեղ նա խոսել էր նաև Արցախի բռնազավթման մասին․ թեմա, որը, ըստ վերլուծաբանների գնահատականների, չի տեղավորվում Հայաստանի իշխանության քաղաքական գծի մեջ։
«Մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց Հայաստանի վարչապետի աթոռին նստածը, իսկ 30-ին արեց գրառում, որն ուզում են կարդան բոլոր նրանք, ովքեր անում են ամեն ինչ, որ նա մնա իշխանության»,- հայտարարել է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Իշխող ուժը, մինչդեռ, ոչ միայն աջակցում է իր առաջնորդին, այլև խնդիր չի տեսնում երկրի ղեկավարի բառապաշարի մեջ։ Իշխանությունները կարծում են՝ վարչապետի հարցադրումները առողջացնելու են եկեղեցին՝ որպես ինստիտուտ։
«Այսինքն, կարելի՞ է լինել կուսակրոն ու այլասերված, ու դա նորմալ է, իսկ երբ դրա մասին խոսում ենք, դա նորմա՞լ չէ։ Այո, կարող են լինել նաև սուր որակումներ, ու ես էլ կտամ այդ որակումները սրբակիղծ հոգևորականներին, որոնց դիմակը հատիկ-հատիկ պատռելու ենք»,- շեշտել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Քաղաքագետները, մինչդեռ, ավելի խորը և հեռահար պատճառներ են տեսնում, թե ինչու է հենց հիմա վարչապետը բաց հակամարտության մեջ մտնում կաթողիկոսի հետ:
Քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Փաշինյանն իր հակաեկեղեցական հայտարարություններով փորձում է առաջին պլան բերել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իր համար առավել ընդունելի են։ Քաղաքագետ Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ՝ այս կերպ վարչապետը, ընդդիմադիր դաշտում օրակարգ թելադրելով, երկրորդ պլան է մղում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում թիմը, ի տարբերություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, դեռ որոշ քաղաքական ռեսուրսներ ունի։ Armenia Today-ը նաև քաղաքացիներից է կարծիքներ հարցրել․ նրանց մի մասը բացասական է գնահատել Փաշինյանի հայտարարությունները, ոմանք էլ կիսել են նրա կարծիքը։
Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ քաղաքացիները Փաշինյանի հայտարարություններից հետո ակցաներ են իրականացրել կառավարության դիմաց՝ Էջմիածնին կոչ անելով «նզովել» Փաշինյանին։ Վերջինիս հայտարարությունների առնչությամբ փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ուր հոգևորականի քեռակնոջ մասին Փաշինյանի հայտնի գրառման առնչությամբ վարույթ են հարուցել։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։