Ռուս քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և արտաքին հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը և հետխորհրդային տարածքի մասնագետ Կիրիլ Կրիվոշեևն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, ինչպես նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին ռուս-հայկական հարաբերությունների վերահսկող նշանակելու մասին մամուլի հաղորդագրությունները։
Լավրովի այցելությունը Երևան` «հարաբերությունների աջակցությո՞ւն և ռիսկերի գնահատո՞ւմ», թե՞ «ուժի ցուցադրություն»
Կռիլովը կարծում է, որ Լավրովը Երևան էր եկել հայտարարելու Մոսկվայի՝ Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին և գնահատելու Հայաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացման հավանականությունը։
«Սա նման մի հետախուզում է՝ հասկանալու համար, թե մինչև ո՞ւր կարող են վատթարանալ մեր հարաբերությունները։ Ինձ թվում է՝ Սերգեյ Վիկտորովիչը եկել էր համոզված լինելով, որ հայկական ղեկավարությունը կփորձի խուսափել լիարժեք խզումից»,- ասել է փորձագետը։
Կռիլովը նշել է, որ Լավրովի այցը Հայաստան ավելի շուտ «ավանդույթի տուրք» է։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Լավրովի այցն ի ցույց է դնում, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջընթաց ակնկալել պետք չէ։ Փորձագետը նշել է, որ կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել պահպանել հարաբերությունները, սակայն այդ հայտարարությունները բավականին ձևական էին, և գրեթե անդրադարձ չկար սուր հարցերին ու անկյուններին:
Կրիվոշեևը Լավրովի այցը Երևան անվանել է «հոգեբանական հնարք և ուժի ցուցադրություն»։
«Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանն իր համար կորցված չէ, որ Լավրովը դեռևս հարգված հյուր է Երևանում, որը, միևնույն ժամանակ, ունի իր աջակցության բազան»,- նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ այս ամենը համընկել է Երևանում տիրող լրջագույն շփոթության հետ, որը ծագել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակից հետո։
«Տարվա սկզբին հայկական էլիտան նշում էր ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, սակայն այժմ արդեն ակնհայտ է, որ դա ոչ ավելին էր, քան գեղեցիկ խոսքեր. Վաշինգտոնում ոչ ոք հետաքրքրված չէ Հարավային Կովկասով։ Եվ Եվրոպայի վրա հույս դնել, ինչպես նախկինում, նույնպես հնարավոր չէ։ Այնտեղ զբաղված են այլ խնդիրներով, որոնցից մեկն էլ հենց Թրամփն է, ով խարխլում է առկա կարգերը»,- կարծում է փորձագետը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական անորոշության փուլ»
Միևնույն ժամանակ, Կռիլովը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այժմ առաջնահերթությունը տրված է եվրոպական ուղղությանը, ինչի մասին վկայում է Լավրովի այցից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի ժամանումը Հայաստան։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հայկական քաղաքականությունը լինելու է ավելի հավասարակշռված։ Այսինքն՝ ոչ միայն արևմտյան ուղղություն, այլև ռուսական, իրանական, չինական և այլն։ Կտեսնենք՝ որքանով դա կիրականացվի։ Առայժմ ֆրանսիացի նախարարի այցը վկայում է, որ Հայաստանի համար արևմտյան ուղղությունը շարունակում է մնալ հիմնականը։ Այստեղ ակնհայտ է համերաշխությունն այն ուժերի հետ, որոնք այժմ ընդդիմանում են Ռուսաստանին»,- ընդգծել է Կռիլովը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում դեռ պետք չէ սպասել երկկողմ հարաբերությունների բարելավման կամ վատթարացման։
«Մեր հարաբերությունները հիմա գտնվում են ռազմավարական անորոշության փուլում։ Դրանք կարող են զարգանալ ինչպես դեպի բարելավում, այնպես էլ դեպի վատթարացում»,- նշել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, ինչպես Մոսկվան, այնպես էլ Երևանը փոխադարձ շահ չունեն հարաբերությունների սրման մեջ, ավելացրել է Կռիլովը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը ելնում է տնտեսական օգուտների և անվտանգության նկատառումներից։ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ կտրուկ քայլերի դիմել Հայաստանի ղեկավարության նկատմամբ, քանի որ Մոսկվայի համար կարևոր է պահպանել ռեարտահանման հոսքը, որը կատարվում է Հայաստանի միջոցով։
«Ռուսաստանից, օրինակ, մատակարարումներ են իրականացվում արաբական երկրներ՝ ոսկու և այլ թանկարժեք քարերի տեսքով։ Այսպիսով՝ կա փոխադարձ շահ, որն էլ կխոչընդոտի հարաբերությունների վերջնական փչացմանը»,- բացատրել է Կռիլովը։
Կրիվոշեևը, մինչդեռ, կարծում է, որ Ռուսաստանի ակտիվ քաղաքականության և ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալու հետևանքների պայմաններում Երևանն ընտրում է «զգուշավոր հավասարակշռություն՝ դանդաղ, բայց վստահ քայլերով սուվերենության ամրապնդման ուղով»։ Նա ևս հիշեցրել է, որ անմիջապես Լավրովի այցից հետո Երևան էր ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
«Քանի դեռ այս ճոճանակը շարժման մեջ է, Հայաստանը հաստատում է միանձնյա վերահսկողություն իր սահմանների վրա և վերազինում է բանակը՝ գործնականում առանց ռուսական մատակարարումների։ Սա, իհարկե, ամենահուսալի պլանը չէ։ Բայց փոքր Հայաստանի համար, թերևս, այլ տարբերակ էլ չէր կարող լինել»,- ասել է նա։
Վերջինիս կարծիքով՝ այս իրավիճակում Երևանը կարողանում է որոշակի հաջողությունների հասնել։
«Հայաստանը կարողացել է պահպանել տնտեսական համագործակցությունից բխող բոլոր շահերը Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ գործնականում նվազեցնելով տոքսիկ քաղաքական բաղադրիչը։ Այո՛, ԵԱՏՄ-ի կողմից տրվող արտոնություններն իսկապես լավն են և օբյեկտիվորեն օգտակար։ Բայց ահա համերաշխությունը Կրեմլի արտաքին քաղաքականության հետ առանձնապես շահեկան չէ։ Այս պահին կառավարությանը հաջողվում է այս խաղում հաջող գործել»,- պարզաբանել է փորձագետը։
Կիրիենկոյի աշխատանքը հայ-ռուսական ուղղությամբ, և Հայաստանի ո՞ր ուժերի վրա կկենտրոնանա ՌԴ-ն
Կռիլովը վստահություն է հայտնել, որ Կիրիենկոն, այսպես ասած, «նետվել է Կովկասի ուղղությամբ» 2025 թվականի ձմռանն Աբխազիայում սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին, որտեղ նրան «հաջողվել է խուսափել դրամատիկ զարգացումներից և նպաստել իրավիճակի կայունացմանը», ինչպես նաև Հարավային Օսիայում առկա խնդիրների պատճառով։ Փորձագետը դեռ վաղ է համարում խոսել Կիրիենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ կոնկրետ քաղաքական խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ այժմ ՌԴ նախագահի աշխատակազմում կազմակերպչական փոփոխություններ են ընթանում, և դեռևս անհասկանալի է, թե որքա՞ն հեռու կգնան այդ փոփոխությունները, և հետխորհրդային ո՞ր հանրապետությունները կլինեն Կիրիենկոյի վերահսկողության տակ։
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանը նշել է, որ Կիրիենկոյին ընկալել որպես «հրաշագործ», որը կկարողանա արագ լուծել կուտակված խնդիրները, սխալ կլինի։
«Խնդիրները հայտնի են։ Մեր հարաբերությունները հիմա պատմության ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ամենացածր կետում են։ Այստեղ իսկապես բազմաթիվ խնդիրներ կան»,- եզրափակել է Կռիլովը։
Կրիվոշեևի խոսքով՝ Կիրիենկոյի պատասխանատվության գոտու մեջ են մտնում նաև Աբխազիան, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի որոշ տարածքներ, ինչպես նաև Մոլդովան և Պրիդնեստրովյեն։
«Սրանք այն տարածքներն են, որոնք Մոսկվան համարում է իր ռազմավարական ազդեցության գոտի, որոնք ոչ մի դեպքում չպետք է կորցնի։ Այդ իսկ պատճառով այս գոտիներում հնարավոր է կիրառել ճգնաժամային կառավարում՝ նպատակների հասնելու համար տարբեր՝ հիբրիդային գործիքներով»,- նշել է նա։
Կրիվոշեևը ենթադրել է, որ Կիրիենկոյի ղեկավարությամբ Հայաստանում կարող են կիրառվել այն տեխնոլոգիաներն ու փորձը, որոնք Ռուսաստանն օգտագործել է Մոլդովայում ընտրությունների ժամանակ՝ հաշվի առնելով Հայաստանի ներկա իրավիճակը, որտեղ ընդդիմությունն ունի հստակ առաջնորդների պակաս։
«Կիրիենկոն բավականին բաց կերպով համագործակցում է «Եվրասիա» կազմակերպության հետ, որը Մոլդովայի նախագահական ընտրություններում արդեն փորձել է հանդես գալ որպես ագիտատոր և համախմբող պրոռուսական ուժերի համար։ Աշնանը երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և արդեն այդ ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք նոր մեխանիզմների փորձարկում։ Հայաստանը կլինի հաջորդը. ինչպես հայտնի է, այնտեղ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված հաջորդ տարի»,- պարզաբանել է Կրիվոշեևը։
Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, թե՛ Մոլդովայի, թե՛ Հայաստանի նկատմամբ Կրեմլի մոտեցումը կարելի է նկարագրել մի արտահայտությամբ՝ «ո՞ւր են գնալու», ինչը նույնիսկ ամենավստահելի գործընկերների հետ բերում է բախումների։