Այսօր Armenia Today-ի «Խոսենք գլխավորի մասին» հաղորդման հյուրն է Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 1982 թվականի ֆուտբոլի առաջնության մասնակից, հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը:
Նա խոսել է Հայաստանի հավաքականի հաջողությունների, ֆուտբոլի ներքին առաջնության, երկրում ֆուտբոլի աշխարհագրությունն ընդլայնելու և այլ հարցերի շուրջ: Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լավ էր սկսել իր ելույթներն աշխարհի առաջնության ընտրական փուլում։
«Մեր ազգային հավաքականը լավ սկսեց առաջնությունը, մի քիչ դժվարացրինք աշխարհի առանջության ուղեգրի ձեռքբերումը, բայց հուսով եմ, որ մենք կկարողանանք այդ ուղեգիրը ձեռք բերել և կպայքարենք երկրորդ տեղի համար։ Ճիշտ է, մենք շատ միավորներ կորցրինք, բայց մնացել է երկու խաղ, ու ամեն ինչ դեռ առջևում է»,- ասաց Խորեն Հովհաննիսյանը։
Խորեն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մեր ակումբային մակարդակին։ Նրա կարծիքով՝ հայկական ֆուտբոլը դեռ չի կարող մրցել միջին մակարդակի եվրոպական թիմերի հետ։ Ըստ Խորեն Հովհաննիսյանի՝ փաստը ցույց է տալիս, որ մենք շատ անելիքներ ունենք ֆուտբոլում: Նա նորմալ է համարում, որ մեր առաջնությունում մասնակցում են 10 թիմեր: Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է սահմանափակել լեգիոներների մասնակցությունը մեր ակումբներում: Ըստ նրա՝ խաղադաշտ պետք է դուրս գան 5-6 լեգիոներ ֆուտբոլիստներ, իսկ մնացածը տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներ պետք է լինեն:
«Ճիշտ է, Հայաստանի առաջնությունը մի քիչ կթուլանա, բայց դա հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստներին ունենալ խաղաժամ և բարձրացնել իրենց վարպետությունը»,- ասաց նա։
Հովհաննիսյանը փաստեց, որ Հայաստանում ֆուտբոլիստներ են տալիս հիմնականում Երևանը, Գյումրին, Վանաձորը և Կապանը։ Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ պետք է զարգացնել ֆուտբոլը նաև այլ տարածաշրջաններում։
Նրա տպավորությամբ՝ ներկայումս անցնում է ոչ թե Հայաստանի, այլ Երևանի առաջնություն, ինչն անցանկալի երևույթ է։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը ֆուտբոլային երկիր է։
«Դա ապացուցել է պատմությունը։ Ժամանակը ցույց տվեց, որ ոչ ոքի չէինք զիջում։ Դա պետք է շարունակվեր, բայց ցավոք, 90-ական թվականներին, երբ անկաղացանք, երբ այնքան էլ ուշադրություն չդարձվեց հանրապեությունում ֆուտբոլի զարգացման վրա: Մինչև այսօր էլ մենք այդ պտուղները քաղում ենք»,- հավելեց նա:
Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս հայ պատանի ֆուտբոլիստները մեծ հնարավորություն ունեն իրենց հետագա կարիերան շարունակելու եվրոպական ակումբներում:
«Մեր ժամանակ շատ դժվար էր, հիմա ամեն ինչ կախված է հենց հայ պատանիներից, թե ինչպես նրանք կպատրաստվեն և կաշխատեն, իսկ վարպետության հասնելու համար պետք է մեծ ջանք գործադրել: Ֆուտբոլ պարապելուց զատ, անհրաժեշտ է նաև լավ սովորել»,- նշեց նա:
Հովհաննիսյանի կարծիքով՝ պատանի ֆուտբոլիստները, որքան էլ օժտված լինեն ֆուտբոլային տաղանդով, պետք է աշխատասիրություն ունենան։
Խորեն Հովհաննիսյանը խոսել է նաև ժամանակին իրեն Մարադոննա անվանելու մասին։ Հայկական ֆուտբոլի լեգենդը նշեց, որ Մարադոնայի հետ միայն խաղադաշտում է հանդիպել, երբ ՀՍՀՄ-ի հավաքականը երկու խաղ է անցկացրել Արգենտինայի հետ: Մեկ հանդիպում էլ Մարադոնայի հետ եղել Արաբական Միացյալ Էմիրաթներում, երբ Խորենը, որպես մարզիչ, թիմ էր տարել այնտեղ:
«Մարադոնան աշխարհի ամենամեծ ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ առաջինը: Աշխարհում երկու ֆուտբոլիստի եմ լավագույնը համարում՝ վաղամեռիկ Մարադոնային և Պելեին»,- նշեց նա:
Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ներկայումս շարունակում է կապ պահպանել ԱՊՀ երկրների ֆուտբոլիստների հետ, որոնց հետ 80-90-ական թվականներին դուրս է եկել խաղադաշտ: Նա նշեց, որ տարեկան երկու անգամ ֆուտբոլի վետերանների սովետական հավաքականը տարբեր առիթներով հավաքվում է։
Մանրամասները՝ տեսանյութում։