2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3,9% , այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 3,1%։
ԿԲ փոխնախագահն ասաց, որ 2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է։ Ակտիվության բարձր աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը։
«Արձանագրվել է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ։ Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր»,- ասաց նա։
Անդրադառնալով աշխատաշուկայի պայմաններին՝ Նուրբեկյանը նշեց, որ աշխատաշուկայի պայմանները, աշխատավարձերը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումներն աստիճանաբար կայունանում են։