Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո դոլարը կրկին տատանվում է, հաղորդում է Reuters-ը:
Վաշինգտոնի և Տոկիոյի պայմանավորվածության համաձայն՝ Ճապոնիայից ներմուծումների համար սահմանվել է 15% սակագին՝ ի տարբերություն սպասվող 25%-ի, որը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից։ Թրամփը նաև նշել է, որ Ճապոնիան մտադիր է 550 միլիարդ դոլարի ներդրում կատարել ԱՄՆ-ում։
Ճապոնական ավտոմեքենաների համար մաքսային տուրքը ևս նվազեցվել է մինչև 15%՝ նախկինում սպասվող 25%-ի փոխարեն, իսկ Տոկիոն խոստացել է ներդնել 550 միլիարդ դոլար ԱՄՆ տնտեսությունում։ Համաձայնագիրը ներառում է ամերիկյան ավտոմեքենաների, գյուղատնտեսական ապրանքների և բրնձի մուտքը ճապոնական շուկա։
Ներդրողները լուրն ընկալել են որպես առևտրային լարվածության հնարավոր թուլացման ազդանշան՝ ինչի հետևանքով դոլարը թուլացել է, իսկ ավստրալիական և նորզելանդական դոլարները՝ ամրապնդվել։ Դոլարի ցուցիչը (Dollar index =USD), որը հետևում է դոլարի արժեքին մեծարժեք արժույթների նկատմամբ, հասել է 97,48-ի՝ երեք օր անընդմեջ անկում գրանցելուց հետո՝ մնալով հուլիսի 10-ից ի վեր ամենացածր մակարդակի մոտ։ Ցուցանիշը նվազել է 6,6%-ով:
«Դոլարի թուլությունը կարծես մեր մեկնարկային կետն է։ Ակնհայտ է, որ այժմ շուկայում որոշակի հապաղում և զգուշավորություն կա դոլարի շուրջ, ինչն արտացոլվում է նաև պարտատոմսերի շուկաներում»,- Reuters-ին ասել է Moomoo Australia-ի շուկայի վերլուծաբան Մայքլ ՄքՔարթին։
Ամբողջ աշխարհում մաքսային տուրքերի վերաբերյալ անորոշությունը շարունակում է ճնշել փոխարժեքային շուկան՝ արժույթները պահելով հիմնականում նեղ տիրույթում: