Եվրամիությունը (ԵՄ) պատրաստ է գնալ ԱՄՆ-ի հետ ոչ շահավետ մաքսային գործարքի, որպեսզի այն կնքվի մինչև օգոստոսի 1-ը։ Եվրոպան «պատրաստվում է ամենավատին», գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բրյուսելում պաշտոնյաները պատրաստ են ընդունել «ԱՄՆ-ի օգտին անհավասարակշռված համաձայնագիր», եթե դա միակ տարբերակն է փակուղուց դուրս գալու համար, հայտնել են գործակալության աղբյուրները, որոնք ծանոթ են իրավիճակին։ Այնուամենայնիվ, կողմերը դեռ չեն հասել վճռորոշ առաջընթացի։
Բրյուսելը, ամենայն հավանականությամբ, կպատրաստի գործողությունների ծրագիր, եթե համաձայնության հասնել չհաջողվի։ Միևնույն ժամանակ, «ցանկացած հակաքայլ կարող է ավելի սրել տրանսատլանտյան առևտրային խզումը», նշվում է գործակալության հրապարակման մեջ։
Թրամփն ապրիլին հայտարարել էր 185 երկրի մատակարարումների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին։ Հիմնական նվազագույն մաքսատուրքը՝ 10%, նախատեսվում էր գործարկել ապրիլի 5-ից, իսկ առանձին երկրների համար սահմանված անհատական դրույքաչափերը՝ ապրիլի 9-ից։ Սակայն Թրամփը 90 օրով հետաձգել էր դրանց կիրառումը՝ այդ ընթացքում առևտրային բանակցություններ վարելու նպատակով։