Հայաստանն ու Ռուսաստանը հունիսի 16-ին բանակցություններ կանցկացնեն Ռուսաստան մատակարարվող ծաղիկների խախտումների աճի վերաբերյալ։ Քննարկվելու է նաև երրորդ երկրներից ծաղիկների ներկրման հնարավոր սահմանափակումը Հայաստանի տարածքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտին։
«Բանակցությունների արդյունքներով կընդունվի համապատասխան որոշում։ Մեր կարծիքով՝ ծաղիկները ոչ ոք պատշաճ կերպով չի ստուգում։ Բոլորին նախազգուշացրել ենք. հարգելի’ գործընկերներ, ոչ ոք դեմ չէ վերաարտահանմանը, բայց եթե դուք արտահանում եք, խնդրում ենք՝ կատարեք ստուգումներ, հեռացրեք վնասատու ապրանքները»,- հայտարարել է Դանկվերտը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ Նման խնդիրներ հայտնաբերվել են նաև բուսական այլ արտադրանքի տեսակների մեջ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը նամակ է ուղղել Հայաստանի վերահսկող մարմիններին՝ հորդորելով ուժեղացնել վերահսկողությունն ու ձեռնարկել համապատասխան միջոցներ, հակառակ դեպքում՝ հունիսի 16-ից Ռուսաստանում կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել Հայաստանից ծաղկի մատակարարումների վրա։