Հայաստանի կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել Աշգաբադի համաձայնագրին միանալու նախածին։
Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագրին միանալը, ըստ նախագծի, ՀՀ-ի համար կստեղծի նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում ինտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային ու տարանցիկ պոտենցիալից օգտվելու համար։ Բացի այդ, կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, կնպաստի մաքսային ընթացակարգերի դյուրացմանը:
«Աշգաբադի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը»,- ասված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծում։
Հեղինակները նաև ընդգծել են, որ համաձայնագիրը համահունչ է Երևանի մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։
2023-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։ 2024-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Թուրքիան, ՌԴ-ն ու Ադրբեջանը «Խաղաղության խաչմերուկի» շահառու են։
Հունվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասով այլ նախագիծ չկա։ Նա այդպես էր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։