ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց Եկամուտների հայտարարագիրը առաջին անգամ լրացնողների համար վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը սահմանելու հարցը։ Դրան կողմ քվեարկեց 63, դեմ՝ 0, իսկ ձեռնպահ՝ 12 պատգամավոր։
Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ մայիսի 1-ը, որը որպես վերջնաժամկետ սահմանված է օրենքով, առաջարկվում է այս տարվա եւ հաջորդ տարվա համար փոխել՝ սահմանելով նոյեմբերի 1-ը:
«Այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնելու այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Եվ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը»,- պարզաբանել է նա:
Թունյանը նշել է, որ ոչ միայն վերջնաժամկետ ենք սահմանում, այլ նաև՝ սկզբնաժամկետ: Այսինքն՝ հիմա մարդիկ, երբ ցանկանան, հայտարարագիր են ներկայացնում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը: «Բայց մենք հիմա սահմանում ենք, որ հայտարարագիրը պետք է ներկայացվի մարտի 2-ից»,- ասել է նա։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելը, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երկարաձգում են եկամտահարկի հայտարարագրի ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը։ 2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսն էր։