Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2,2 մլրդ ՀՀ դրամի գնման պայմանագրեր, լուծվել է 79 պայմանագիր և նախաձեռնվել 9 քրեական վարույթ, տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ծառայությունը 2024 թվականին իրականացրած վերլուծությունների արդյունքում պարզել է 82 պատվիրատուի կողմից կազմակերպված 121 գնման ընթացակարգերում գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ փոխկապակցված թվով 27 տնտեսվարողի մասնակցության դեպք:
«Նշված տնտեսվարողները, հանրային գնումների գործընթացներում շրջանցելով օրենքով սահմանված սահմանափակումները, ներկայացրել են առերևույթ կեղծ տվյալներ, հավաստումներ, ինչի հետևանքով պատվիրատուները կնքել կամ նախատեսել են կնքել ընդհանուր ավելի քան 2 մլրդ 264 մլն դրամի չափով գնման պայմանագրեր՝ արդյունքում ակնկալվող շահույթ ստանալու հնարավորությունից զրկելով առավել օրինապահ տնտեսվարողների»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը դիտարկվել է շուրջ 13 680 գնման ընթացակարգ, խախտումներ են արձանագրվել 374-ում: Պատվիրատուները լուծել են կնքված 79 գնման պայմանագիր, իսկ գնումների գործընթացների 24 տնտեսվարող ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Ծառայությունը օրենսդրությամբ սահմանված կարգով նշված գործընթացների վերաբերյալ նյութերը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց շրջանակում նախաձեռնվել է 9 քրեական վարույթ 26 տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ: