ՀՀ կառավարությունը փետրվարի 6-ի նիստում հավանություն է տվել խաղային ոլորտի հարկային բեռն ավելացնելու նախագծին, որով ոլորտի կազմակերպությունները բացի գործող հարկատեսակներից՝ նաև շրջանառության հարկ են վճարելու։
Ազգային ժողովում օրինագծի ընդունման դեպքում խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները ներկայումս վճարվող հարկերին և տուրքերին զուգահեռ կվճարեն նաև շրջանառության հարկ՝ գործունեության տեսակներից ստացվող եկամուտների 10%-ի չափով:
Նախագծի հիմնավորմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում խաղային ոլորտի սահմանափակմանը և հարկային բեռի ավելացմանն ուղղված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել:
«Ոլորտում առկա հարկային բեռը և նախորդ տարիների ընթացքում հարկային բեռի աճը համարժեք չեն խաղադրույքների աճի տեմպերին»,- ասված է նախագծում։
Նշվում է, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, իսկ ծախսերի ավելացման չի հանգեցնի:
Փետրվարի 5-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկել էր ոլորտի համար նախատեսել 10% շրջանառության հարկ: Հեղինակի խոսքով՝ 2010-2016 թվականների ընթացքում ոլորտի շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Նա նշել էր, որ նախագծի նպատակն է տարեկան շուրջ հարյուր միլիարդ դրամ եկամուտ ապահովել պետական բյուջե։