Էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված 3000 դրամը կչեղարկվի, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հայտարարագրման համակարգին՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ այս տարվա հայտարարագրի արդյունքում քաղաքացիներին կարող է վերադարձվել մինչև 70 միլիարդ դրամ։ Վարչապետի խոսքով՝ համակարգի շրջանակներում եկամուտները հայտարարագրելով՝ քաղաքացիները «ներդրում են կատարում 21-րդ դարում իրենց հետագա կյանքի կազմակերպման գործում»:
«21-րդ դարում առանց ID քարտի հնարավոր չի լինի արդյունավետ գործունեություն իրականացնել»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
Հանրային հեռուստաընկերության եթերում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, անդրադառնալով ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ կողմից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր ներկայացնելու օրենսդրական պահանջին, հայտարարել էր, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն։