Մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ կողմից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր ներկայացնելու օրենսդրական պահանջին։
ՊԵԿ նախագահը հայտնել է, որ մինչև 300 հազար դրամ շեմի վերաբերյալ հրամանն ստորագրել է հունվարի 20-ին։ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը հստակեցրել է, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։ Մկրտչյանն ընդգծել է, որ խոսքը նվիրատվություն համարվող անձնական փոխանցումների մասին է։
«Սահմանվել է մինչև 300 հազար դրամ շեմ: Մենք փորձել ենք նայել, օրինակ, բանկային համակարգում փոխանցումներն ի՞նչ պատկեր ունեն և, տարբեր գնահատականներով, ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում է այդ շեմի ներքո»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Նա պարզաբանել է, որ մինչև 300 դրամի շեմը չի վերաբերում աշխատավարձերին, այն միայն չհարկվող գործարքների համար է։
«Հայտարարագրման ենթակա են 300 դրամից ավելի գործարքները»,- շեշտել է ՊԵԿ նախագահը։
Նա նշել է, որ 2024-ին վերցրած վարկերը ևս պետք է հայտարարագրել, բայց դրանց դիմաց քաղաքացիները հարկ չեն վճարելու։
ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև տեխնիկական հնարավոր դժվարություններին, որոնց քաղաքացիները կարող են բախվել հայտարարագիր լրացնելիս։ Նա հայտնել է, որ ՊԵԿ-ն իրազեկման արշավ է սկսել։
«Մեկնարկել է իրազեկման արշավ, հրապարակվել են հայտարարագիր ներկայացնելուն ուղղված իրազեկման նյութեր՝ հաղորդագրություններ, ուղեցույցներ, տեսահոլովակներ։ Այժմ ևս տեսանյութեր ենք պատրաստում։ Վեբ տարբերակում քաղաքացիները կարող են հարցեր ուղղել և ավտոմատ կերպով chatbot-ի օգնությամբ ստանալ իրենց հուզող պատասխանները։ Նախատեսում ենք առաջիկայում մարզային ուսուցումներ կազմակերպել։ Այսինքն՝ այցելություններ և հանդիպումներ ենք կազմակերպելու մարզերում, որտեղ մեր հայրենակիցներին կրթելու ենք ու օգնելու, որ կարողանան ինքնուրույն լրացնել հայտարարագիրը»,- ավելացրել է նա։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։