Կառավարությունը խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին արտահանողներին տրամադրված վարկերի մարման ժամկետը կերկարաձգի մինչև 6 ամսով, վարկառուների համար բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվի։ Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 16-ի նիստում։
Որոշման ընդունումը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել խաղող արտահանողներին, ովքեր վնասներ են կրում ռուբլու արժեզրկման պատճառով։ Սա, իր հերթին, դժվարացնում է վարկերի մարումը։
«Վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը»,- ասված է որոշման նախագծում։
Ըստ նախագծի՝ արտահանողների համար լրացուցիչ ծախսեր են ստեղծում Վերին Լարսի սահմանային անցակետում եղանակային պայմանները, ինչպես նաև փորձաքննության հետ կապված հերթերը։ Փորձաքննության արդյունքներն ստանալու պատճառաբանությամբ՝ կոնյակ արտահանող տրանսպորտային միջոցները տևական ժամանակ հատուկ պահպանվող տարածքում կանգնում են մինչև 2 ամիս ժամանակով, ինչը բերում է մատակարարման ժամկետների խախտման։
«Լրացուցիչ փորձաքննության է ենթարկվում արտահանվող ընդհանուր քանակության մինչև 12 տոկոսը, իսկ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշումները կայացվում են 30-60 օրվա ընթացքում»,- ասված է նախագծում։
Նրանց այլ ծախսերի թվում է 1 օրվա կտրվածքով 50-200 դոլարի վճարումը բեռնափոխադրող կազմակերպությանը և 1000 ռուբլի՝ հատուկ պահպանվող տարածքի համար, բացի այդ կարող են ապրանքի 20%-ի չափով գումար վճարել՝ զրկվելով ապրանքը մատակարարելու հնարավորությունից։
2024 թվականին նոյեմբերի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր ՀՀ-ից ապրանքների մատակարարման խախտումների թվի ավելացման մասին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Սփյուռքի հայերին կոչ էր արել գնել բացառապես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Հարությունյանն այսպես էր մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների հետ կապված իրավիճակը։
2024թ․ նոյեմբերի 27-ին «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն Armenia Today-ին մեկնաբանել էր իրավիճակը Վերին Լարսի անցակետում, որով Հայաստանից բեռները գնում են Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման հետ կապված իրավիճակը Ստեփանյանը կապել էր Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների հետ։ Ասոցիացիայի համահիմնադիրն ասել էր, որ Հայաստանը պետք է փոխի ռուսական շուկան և իրացման շուկաներ փնտրի այլ երկրներում։