Մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել Սևանա լճից մինչև 257 տոննա քվոտայի շրջանակում սիգի օրինական որս իրականացնելու համար։ Որոշումը կայացվել է կառավարության փետրվարի 8-ի նիստում:
Նախագիծը ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ քվոտան հաստատելիս հիմնվում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ 2023 թվականի դեկտեմբերին ստացել են տվյալները և որոշում կայացրել:
Ըստ նախարարի՝ քվոտայի տրամադրումն սկսել են 2020 թվականից, 2020-2021 թվականին այն եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-2023 թվականին՝ 600 տոննայի շրջանակում։
«2024 թվականի հուլիսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի հասկանալու համար՝ նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Որոշումն ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- նշել է Սիմիդյանը։
Նա տեղեկացրել է, որ չեխական DHP Conservation Ltd ընկերությունը մինչև փետրվարի 29-ը պետք է հաշվետվություն ներկայացնի Սևանա լճում ձկան առկա ծավալների վերաբերյալ։
Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պարեկային ոստիկանության ջրային ստորաբաժանման ներդրման շնորհիվ ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ սիգի որսի արգելքն իսկապես գործի է դրվում:
«Սա առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն: 2022 թվականին սահմանել ենք Սևանից ձկնորսության 600 տոննա քվոտա: Քվոտան ինչպե՞ս է բաշխվում. մարդիկ գալիս, դիմում են, մեկ կգ-ի դիմաց 65 դրամով վճարում է արվում պետական բյուջե: Այսինքն՝ մեկ կգ-ի դիմաց վճարում են 65 դրամ: Հասկանալի է, որ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ բարձր է»,- պարզաբանել է վարչապետը:
Նա նշել է, որ 600 տոննա քվոտայի դիմաց իրացրել են 566,1 տոննա ձուկ:
«Մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել, դարձել է 390 տոննա»,- հավելել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ անընդունելի է կիլոգրամի համար 65 դրամ գինը։
«Ինչպե՞ս ենք որոշել, որ 65 դրամ է, ոչ թե 100 դրամ: Չի կարող այսպիսի բան կրկնվել, ինչքան քվոտան տրված է՝ ճշգրիտ այդքանի համար պետք է վճարվի, եթե ոչ, ուրեմն պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում»,- շեշտել է կառավարության ղեկավարը։
Նա ավելացրել է, որ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում․ մտնում են, առանց թույլտվության ձկնորսություն են անում, ոչ ոք իրենց չի վերահսկում, սա ուղիղ փաստ է: «Բոլորս գիտենք, որ այնտեղից արվել է 600 տոննան գերազանցող որս»,- ասել է վարչապետը:
Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսությամբ զբաղվող բնակիչներ դեկտեմբերի 15-ին Գագարին գյուղի մոտ փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը։ Նրանք բողոքում էին նոյեմբերի 26-ից հունվարի 20-ը (սիգի ձվադրման շրջան) ձկնորսությունն արգելելու մասին Բնապահպանության նախարարության որոշման դեմ։
2023 թվականի դեկտեմբերի 19-ին մի խումբ ձկնորսներ հարձակվել էին Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում ծառայություն իրականացնող պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։ ՔԿ-ն հայտնել էր նրանց ծեծելու համար 26 անձի ձերբակալության մասին։
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ին 6 ամսով արգելք էր սահմանել սիգի ձկնկիթի արտահանման վրա, համապատասխան որոշումն ընդունել էր ՀՀ կառավարությունը: Որոշումը բացատրում են ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության նպատակով: