ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 15 օրում առանց սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի 10 տոննա միս է հայտնաբերվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվության բաժնի հետ Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ և կսահմանվի վարչական պատասխանատվություն:
Ավելին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որպեսզի բացառվի բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի կամ ենթամթերքի վաճառքը:
Նշենք՝ իր հերթին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ նախարարությունը սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված: