ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվում են Վերին Լարսի անցակետում ստեղծված խնդիր լուծելու և բեռների այլընտրանքային ճանապարհ գտնելու ուղղությամբ։ Մի քանի տարբերակներ են քննարկվում, այդ թվում՝ այլընտրանքային երթուղուց օգտվելու հարցը։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Նրա տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով՝ վրացական կողմում 200-300 հայկական բեռնատարներ կան կուտակված։
Նշենք, որ ծիրանի բերքահավաքը մեկնարկել և, իսկ այս օրերին հայկական ծիրանն արտահանվում է։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արտահանողները չենք կարողանում բեռները տեղափոխել։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով ՌԴ-Վրաստան ճանապարհը՝ Լարսը, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ վնասվել է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը։ Այս ճանապարհահատվածում նաև քարաթափում է տեղի ունեցել։ Այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհի բերակարգման ուղղությամբ, սակայն, դեռ հայտնի չէ՝ երբ է խնդիրը լուծվելու։