Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:
Աշխատանքներ կիրականացվեն արդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրությունների, տրանսպորտի ու ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պաշտպանության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ։
Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև այլ եվրոպական երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։
Որպես համագործակցության ուղղություն` դեսպանն առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Միրոսլավ Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, որին կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։