Օգոստոսի 2-3-ը Գյումրիում տեղի է ունեցել «Գինոսյանական օրեր» փառատոնը՝ նվիրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից երկրորդ կյանք ստացած և հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Հայկական ավանդական պարն ու երգը միավորող փառատոնը մեկնարկել է ավանդական պարային շքերթով՝ քաղաքի կենտրոնական փողոցներով։ Պարուսույցները նաև բացօթյա պարուսուցում են իրականացրել։
Երեկոյան կայացել է գալա համերգ՝ «Կարին» ավանդական երգի ու պարի խմբի, «Կարին» նվագախմբի և «Կարինի» դուստր խմբերի մասնակցությամբ։
Փառատոնի նպատակն է վերաիմաստավորել ազգային ավանդույթները ժամանակակից համատեքստում, խթանել մարզային մշակութային կյանքը, ներգնա տուրիզմը, ամրապնդել կապերը Հայաստանի տարբեր համայնքների և Սփյուռքի հայ համայնքների միջև։
«Գինոսյանական օրերն» անցկացվելու են Հայաստանի տարբեր քաղաքներում: Գյումրիում այն առաջին անգամ էր տեղի ունենում։
Գինոսյանը «Կարին» համույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն էր, Արցախյան պատերազմի մասնակից: Նա մահացել է 2024 թվականի փետրվարի 6-ին՝ 58 տարեկանում։