Ծաղկաձորում գտնվող «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիավորեն «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին, հունիսի 12-ի նիստում կառավարությունը հաստատել է ԿԳՄՍ նախարարության նախագիծը։
Նախագծով «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ կստեղծվի։ ԿԳՄՍՆ-ում հստակեցրել են, որ թանգարանում առկա 8 հաստիքից վերակազմակերպման արդյունքում կրճատում տեղի չի ունենա, իսկ տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, հաշվապահինը՝ էքսկուրսավարի։
Նախարարությունը նախագիծը հիմնավորել է այն հանգամանքով, որ վերջին տարիներին «թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել»։ Գերատեսչությունում կարծում են, որ վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, ինչը հնարավորություն կտա թանգարանն արդիականացնել, նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներդրումներ ներգրավել և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։
Նշենք, որ թանգարանը բացվել էր Ծաղկաձորի այն տանը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին: 1972-ին գիտնականներ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով տունը վերածվել էր տուն-թանգարանի: ԿԳՄՍՆ տվյալներով՝ թանգարանում առկա է 2823 թանգարանային առարկա, գործում է մշտական ցուցադրություն։