Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա «Արցախ» կամերային նվագախումբը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ, հայտնել են համերգի կազմակերպիչները։
Համերգը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, մենակատարը՝ Սերգեյ Խաչատրյանը։
Ծրագիրն ընդգրկում է Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյանի Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), ինչպես նաև Միրզոյանի Շուշանիկ, Շոստակովիչի Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։
Այս համերգը երկու աշխարհահռչակ արտիստների առաջին համագործակցության փորձը չէ․ Նարեկն ու Սերգեյը բազմիցս միասին հանդես են եկել ելույթներով թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում՝ ներկայացնելով ու տարածելով հայ կատարողական դպրոցի վարպետությունն ու հայկական մշակույթը։ Սա արտիստների առաջին համագործակցությունն է դիրիժոր-մենակատար ձևաչափով, նշված է հայտարարության մեջ։