Երգչուհի Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Հայաստանում հովանավորներ չգտնելուց հետո երգչուհու թիմը դիմել է Քարդաշյանին, որն էլ ստանձնել է նրա համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։
«Լոպեսի համերգային տուրի կազմակերպիչները փորձ են արել Հայաստանում կայանալիք համերգի համար միջոցառումների կազմակերպման ոլորտի ընկերություններ գտնել և դիմել համերգի սպասարկման համար։ Բարձր գնառաջարկի՝ 1 մլն դոլարի պատճառով, սակայն, Հայաստանում միջոցառումներ կազմակերպող ոչ մի ընկերություն չի համաձայնել առաջարկին»,- մանրամասնել է թերթը։
Ապրիլի 8-ին հայտնել էինք, որ Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակում Լոպեսն օգոստոսին առաջին անգամ համերգ կտա Հայաստանում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 23-ին տեղեկացրել էր, որ պետությունը Լոպեսի համերգի կազմակերպչական գործընթացին մասնակցություն չունի։