Երևանում տեղի կունենա ժամանակակից երաժշտության երեկո, որի ընթացքում կկայանա կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ անվանի սաքսոֆոնահար մենակատար Քեննեթ Ցեի կատարմամբ, հայտնել է Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախումբը։
Հայտնի սաքսոֆոնահար մենակատար Քենեթ Ցեի կատարմամբ և դիրիժոր Բարբարա Դրագանի ղեկավարությամբ համերգը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկու, Ֆրենսիս Պուլենկի և Ալեքսիս Ալրիխի ստեղծագործությունները։ Ծրագրում՝ Քշիշտոֆ Պենդերեցկի – Ադաջետտո «Կորուսյալ դրախտ» օպերայից (5 րոպե), Ֆրենսիս Պուլենկ – «Սինֆոնիետա» սիմֆոնիկ նվագախմբի համար, FP 141 (28 րոպե), Ալեքսիս Ալրիխ – «Զանգի և թմբուկի աշտարակ» Պեկինյան տպավորություններ նվագախմբի համար (15 րոպե), Լովել Լիբերման – Ալտ սաքսոֆոնի կոնցերտ, երկ 145 (20 րոպե)։
Համերգն անցկացվում է Պենդերեցկու ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոնի շրջանակներում։ Մուտքը թույլատրվում է 6 տարեկանից սկսած։ Տոմսերի գները տատանվում են 3-10 հազար դրամի սահմաններում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 5-ից 29-ը անցկացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոնը։ Փառատոնի շրջանակներում կանցկացվի երեք սիմֆոնիկ համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Համերգին հնչել են Քշիշտոֆ Պենդերեցկու, Ավետ Տերտերյանի և կոմպոզիտոր Էրիկ Ուիթաքրի ստեղծագործությունները։ Երեկոյան Հայաստանում առաջին անգամ հնչեց Ուիտակերի նախերգանքը նվագախմբի համար։