Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը՝ հայ դերասաններ Կարեն Ղարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ, արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում։ Մրցանակաբաշխության կայքում հրապարակվել է «Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը։
Բեյքերը, ով արժանացել է իր առաջին «Օսկար»-ին, հեռուստադիտողներին հորդորել է վերադառնալ կինոդահլիճներ, աջակցել կինոթատրոններին, ինչպես նաև շնորհավորել է իր մորը, ով առաջինն է իրեն ծանոթացրել կինեմատոգրաֆիայի մշակույթը, ծննդյան օրվա կապակցությամբ, որն այսօր է։
Մայքի Մեդիսոնը, ով ֆիլմում գլխավոր դերի համար արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին, կարողացել է հաղթել Դեմի Մուրին, ով նույնպես առաջադրվել էր «Օսկարի» որպես լավագույն դերասանուհի՝ սարսափ ֆիլմում դերակատարման համար:
Կինոքննադատներն «Անորան» անվանել են «շրջված Մոխրոտի հեքիաթ»: Այն 2024 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն-դրամա է, որը գրվել, նկարվել և մոնտաժվել է Բեյքերի կողմից։ Սյուժեն կենտրոնանում է Բրուքլինի պարուհու և ռուս օլիգարխի որդու բարդ ամուսնության վրա: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի 77-րդ կինոփառատոնում, որտեղ արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակի։ Ավելի ուշ ֆիլմն ընդգրկվել է 2024 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում։