Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ գտնվող պուրակը վերանվանվել է Շառլ Ազնավուրի պատվին, հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ Մայիսի 22-ին հայազգի ֆրանսիացի շանսոնյեն կդառնար 100 տարեկան։
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն պուրակի բացումն անվանել է «յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն»։ Նա ասել է, որ շուտով կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:
Այգու բացման արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, դիվանագետներ, մշակույթի գործիչներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի հարյուրամյակի կապակցությամբ նրան անվանել է «ողբերգության և ազատության դարի լեգենդ» և ընդգծել շանսոնյեի դերը թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ողջ աշխարհի համար։
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- գրել է նա:
Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզում, նրա ծնողները հայ գաղթականներ են։ Անվանի հայը մեծ ներդրում է ունեցել 1988 թվականի երկրաշարժից տուժած հայկական քաղաքների վերականգնման գործում։ Պարբերաբար բարեգործական համերգներով այցելում էր իր պատմական հայրենիք։
2009 թվականից մինչև իր մահն Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչն էր։ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Մուրիսում (Ֆրանսիա)՝ 95 տարեկան հասակում։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը կվերանվանվի Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։
Պուտինը և Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի խոսնակ...