Երևանյան ամենագրքային եռօրյա իրադարձությունը՝ Bookfest 2019-ը, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ամփոփվեց։ Փակման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարվեցին փառատոնի գրական մրցույթի հաղթողների անունները։
«Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» անվանակարգերում հաղթած հեղինակները ստացան դրամական պարգևներ։ Այցելուներին իր ջազային տրամադրությունն էր փոխանցում Վահագն Հայրապետյանը։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ ներկայացավ իր հետաքրքիր վարպետաց դասով։ Մաեստրոն խոսեց գրականության ու երաժշտության սերտ առնչությունների մասին։ Իր երաժշտության հիմքում մշտապես ունենալով տեքստը՝ Մանսուրյանը ստեղծել է բազմաթիվ սոնատներ, վոկալ շարքեր, խմբերգեր ու թատերական երաժշտություններ։
«Ես հաճախ վերընթերցում եմ այն գրքերը, որոնք ժամանակին շատ են ինձ դուր եկել, երբեմն նաև գրողների գործեր եմ կարդում։ Իմ սիրած գրողների թվում են Ֆոլկներն ու Բորխեսը։ Բորխեսն իմ անցած սերերից է»,-խոսելով գրքերի ու գրականության մասին՝ ընդգծեց մաեստրոն։
Ինչ վերաբերում է թարգմանական արվեստին, Մանսուրյանի կարծիքով այն մեծագույն արժեք է։
«Մի անգամ, երբ խոսում էի Ֆոլկների «Շառաչ և ցասում» գրքի հայերեն թարգմանության խմբագրի հետ, ասաց, որ, ի տարբերություն ռուսերեն տարբերակի, հայերենում իրենք փորձել են գրքի արմատների յուրօրինակությունը վերականգնել. հայերենը դա թույլ է տալիս։ Տանն ունեմ այդ գիրքը, շատ եմ սիրում»։
Մանսուրյանը շատ է կարևորում հայոց լեզվի ճիշտ իմացությունը, սակայն չի մերժում նաև գրականության մեջ առկա այն ստեղծագործությունները, որոնք, ինչպես ինքն է նշում «տղայական լեզվով» են։
«Այսօր գոյացել է քաղաքային լեզվական մի մտածողություն։ Երիտասարդությունն իր հետ բերել է լեզվի իր տեսակը, ամենուրեք է սա, մեզ մոտ էլ. սրա հետ չես կարող հաշվի չնստել։ Բուկովսկու լեզուն էլ զարհուրելի, հայհոյախառն լեզու է, բայց դա իրականության արտացոլանքն ու պահանջն է»։
Աննա Կոստանյան
Երևանը ճանաչվել է աշխարհի հինգ ամենավարդագույն քաղաքներից մեկը
Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է աշխարհի հազվագյուտ «վարդագույն քաղաքների» ընտրանին՝ այն վայրերի, որտեղ ճարտարապետությունը ներկված է վարդագույնի տաք երանգներով՝...