Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթել, երբ միաբանված է մեկ նպատակով, Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։
Հիշեցնելով օրվա խորհրդի մասին՝ Գարեգին Երկրորդը շեշտել է, որ այս տոնական օրն աղոթում են աշխարհասփյուռ հայ ժողովրդի խաղաղության ու բարօրության, բանակի հզորության, պետության անվտանգության ու առաջընթացի համար։
«Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում»,- հավելել է Վեհափառ հայրապետը:
107 տարի առաջ՝ այս օրը, 1918 թվականի մայիսի 28-ին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերից հետո հռչակվել էր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը հիմնադրվել էր հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակահատվածում և գոյատևել ընդամենը երկու տարի։ Չնայած իր կարճատև գոյությանը՝ Առաջին Հանրապետության դերը հայոց պետականության վերականգնման գործում չգերագնահատվող է։