«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն 2 շաբաթ վարչության նիստեր չի անցկացնում, քանի որ քվորում չկա, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով կուսակցությունում իր աղբյուրներին։
Այդ նիստերը, սովորաբար, տեղի են ունենում յուրաքանչյուր երեքշաբթի, սակայն վարչության անդամների մեծ մասը գործուղումների պատճառով բացակայում է երկրից։
Թերթը հավելել է, որ նիստերը կարող են չկայանալ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասելիք չունենալու պատճառով։
«Թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանն առայժմ քննարկելու ոչինչ չունի, դեռևս ինքն էլ չի կողմնորոշվում՝ ի՞նչ անել մայիսի 9-ին»,- գրել է թերթը։
Ապրիլի 30-ին մամուլը գրել էր, որ Արևմուտքը բացահայտ ուլտիմատում է դրել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթին Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու շուրջ։
Մարտի 20-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանը պետական բոլոր գերատեսչություններին հրահանգել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Մարտի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները Երևանի հետ։