Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները վաղ առավոտից փակել են Եղվարդի խճուղին՝ բողոքելով իրենց նկատմամբ ապօրինությունների, կոռուպցիայի, ամենաթողության դրսևորումների դեմ։
Նրանք պահանջում են ապահովել գնման իրավունքներով սահմանված 3,37055 հեկտար հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Բացի այդ, բնակիչները պահանջում են այդ հողամասից 0,4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական տալ և գործարքը չեղարկել։
Ավելի ուշ փողոցը բացվել է, երբ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ գործուղման մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրանց կընդունի ապրիլի 16-ին։
Ըստ բնակիչների՝ իրենց չի հաջողվել հանդիպումներ ունենալ ո՛չ կառավարությունում, ո՛չ դատախազությունում, ո՛չ քաղաքապետարանում։ Ամենուր հարցը ձգձգվում է։
«Փորձել ենք տարբեր օղակներով (լուծել հարցը-խմբ․)՝ դատախազություն, քննչական։ Որտեղ դիմել ենք, ուղարկում ենք մեր նամակը, նույնիսկ ամենաչնչին, անհեթեթ պատասխանը տևում է նվազագույնը 4-5 ամիս, մինչև գալիս է։ Այդ ընթացքում կառուցապատողը փորձում է անօրինական գործարքներ կնքել»,- պատմել է բնակիչներից մեկը։
Ի պատասխան բնակիչների՝ ԱԺ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը նույնպես փողոցի բնակիչ է և ներկա էր ակցիային, հավաստիացրել է, որ բնակիչներին պատկանող տարածքում շենք չի կառուցվի։
«Մեր ուզածն այն է, որ մեր պահանջը բավարարեն, այստեղ շենք չկառուցեն»,- ասել է Թունյանը՝ վստահեցնելով, որ խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ է։
Նա նաև խոստացել է միջնորդել օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներին բնակիչների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Տարածքի բնակիչներից մեկը պնդել է, որ իրավական ամբողջ համակարգն իրենց հարցով անգործության է մատնված։
«Մենք տեսնում ենք, որ գործ ունենք հովանավորչության հետ, ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ կարգի հովանավորչության հետ գործ ունենք»,- շեշտել է նա։
Քաղաքացիները խոստացել են ավելի մեծ խմբով հավաքվել, եթե հարցին լուծում չտրվի։