ՆԳՆ ոստիկանության կողմից մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում, հայտնել են ՆԳՆ-ից։
Նախարարությունից նշել են, որ հաղորդումներից մեկը վերաբերել է քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելուն, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելուն, ևս երկուսը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն։
«Որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդում գտնվում է ստուգման փուլում, որից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:
Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը: