ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը մարտի 16-ից հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Գերատեսչությունը հերքումներով էր հանդես եկել նաև մարտի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 13 նման հաղորդագրություն է տարածել։
ՀՀ ՊՆ-ն ընդգծել էր, որ այս պահի դրությամբ՝ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման որևէ փաստական տվյալ կամ ապացույց:
Մարտի 25-ին գերատեսչությունը, մեկնաբանելով սահմանային գոտում կրակոցների մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարբերաբար կրակոցներ են արձանագրվում, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։