Մարտի 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստան-Հայաստան 6-1 հաշվով ավարտված խաղից հետո Թբիլիսիի «Դինամո Արենայում» լարված մթնոլորտ է ստեղծվել, գրում է «Ազատությունը»։
«Ենթադրաբար, վրացի երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և իրեր են նետել հայերի ուղղությամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Միջադեպին արձագանքել են վրացի ակտիվիստները՝ կոչ անելով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ներողություն խնդրել հայկական կողմից:
«Հայերը 10:0 հաշվով մեզ հաղթեցին և՛ հյուրընկալության, և՛ մշակույթի, և՛ էթիկայի, և՛ մարդկային տեսանկյունից։ Ամոթ և ամոթ»,- Facebook-ում գրել է վրացի հետազոտող Թամթա Թաթարաշվիլին։
Հայաստանի հավաքականի երկրպագուները հանդիպման ժամանակ «Դինամո Արենայում» բողոքի ակցիա էին անցկացրել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։ Նրանք վանկարկել էին՝ «Մելիքբեկյան, հեռացի՛ր»։
վրացի երկրպագուները հայերի ուղղությամբ իրեր են նետել։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Մարտի 23-ին Թբիլիսիում կայացած պատասխան խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր 1։6 հաշվով։