Moderna-ի համահիմնադիր և Flagship Pioneering-ի գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային պայմանն է:
Մեկնաբանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը և Բաքվում հայ գերիների դատավարությունները՝ Աֆեյանը տեղի ունեցածը խայտառակություն է անվանել և հիշեցրել Արցախում էթնիկ զտումների մասին։
Աֆեյանը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հստակ դիրքորոշում է հայտնել հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կցանկանար տեսնել իրական խաղաղության համաձայնագիր, սակայն կասկած է հայտնել, որ Ադրբեջանը պատրաստ է նման փաստաթուղթ ստորագրել, քանի որ երկիրը հակամարտությունն օգտագործում է իր ներքին շահերի համար:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։
Մարտի 19-ին Փաշինյանը հայտարարել էր խաղաղության համաձայնագրի տակ իր ստորագրությունը դնելու պատրաստակամության մասին։