Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ, իսկ Հայաստանի նկատմամբ կազմակերպության պարտավորությունները մնում են ուժի մեջ, Известия-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել»,- նշել է նա։
Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հունվարի 23-ի զեկույցում կանխատեսել էր, որ ՀԱՊԿ-ի «անարդյունավետությունն ու անկարողությունը» Հարավային Կովկասի մարտահրավերներին արձագանքելու հարցում 2025 թվականին չի փոխվի։ ԱՀԾ-ն անհավանական էր համարել, որ 2025 թվականին Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցնելու հիմքերը կվերացվեն, ինչը կհանգեցնի «անվտանգության այս կառույցի հեղինակության խաթարմանը և մյուս անդամ երկրների համար եզրակացություններ անելուն»։
Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։