Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ Ալիևան լսել է Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պատանդները «նշել են խտրականության բացակայությունը և իրենց իրավունքների, կալանքի ու բուժօգնության նորմալ պայմանների ապահովումը»։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են 2023-ին գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին Վարդանյանը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։