ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը (EAFJD) COP29-ին ընդառաջ լայնածավալ հրապարակային արշավ է անցկացրել՝ նպատակ ունենալով հնարավորինս ազդել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում բռնի պահվող մյուս հայերի դատավարության վրա, Armenia Today-ին ասաց գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
«Ստորագրվեց մեր կողմից պատրաստված հայտարարություն՝ պահանջելով Ադրբեջանից ազատագրում գերիներուն, դադարեցումը քանդումներուն հայկական մշակութային կոթողների նաև սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության դեմ»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի 52 պատգամավորներ, որոնցից 45-ը իրենց երկրների խորհրդարանների բարձրաստիճան պաշտոնյաներ են։
Բացի այդ, Եվրախորհրդարանի անդամները նամակներ են ուղարկել Ադրբեջանի դեսպանին՝ պահանջելով ազատ արձակել հայերին, ինչին Ադրբեջանի դեսպանը ոչ ադեկվատ է պատասխանել, ընդգծել է Կարապետյանը։
«Ադրբեջանի դեսպանը հակազդեց ոչ ադեկվատ կերպով, ինչը մեզ համար լավ էր, որ ցույց է տալիս իրենց մոտեցումները»,- եզրափակեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։