Առանց պետական գրանցման կեղծ վարկային կազմակերպությունների հիմնադիր Ա.Ս.-ն հանցավոր խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ 30 անձից հափշտակելով 22 մլն 36 հազար դրամ և գույք, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ խմբի անդամներն իրենց դիմած, վարկեր ստանալու ցանկություն հայտնած անձանց ներկայացրել են, թե 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով ստացում:
«Նրանք քաղաքացիներին խաբել են, որ անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն չեն տրամադրել և հափշտակել են»,- մանրամասնում են գերատեսչությունից:
ՔԿ-ն հայտնել է, որ նրանք պարզել են քաղաքացիների անձնական տվյալները և վարկային ընկերությունից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն գումարները նրանց չեն տրամադրել, այլ հասանելիություն ունենալով գրանցված հաշիվներին՝ կանխիկացրել են:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամներն իրենց դիմած անձանց ուղեկցել են բանկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են բանկի հեռախոսային հավելվածի մուտքի տվյալները, որոնց միջոցով առցանց ստացած վարկային գումարները փոխանցել են այլ անձանց հաշիվներին և հետագայում կանխիկացնելու եղանակով՝ հափշտակել դրանք, նշել են գերատեսչությունից։
Ա.Ս.-ն և Ա.Բ.-ն նաև իրենց վարձակալած 2 գրասենյակային տարածքներից հափշտակել են գրասենյակային գույքը: Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, որը պատժվում է առավելագույնը 8 տարի ազատազրկմամբ) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ վստահված գույքը հափշտակելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) (երկու դրվագ):